Մարդու սեռականության աղավաղման խորությունը հաճախ համաչափ է նրա մանկության շրջանում ստացած հոգեկան կամ ֆիզիկական ցավի ինտենսիվությանը։
Որքան խորն է եղել անտեսվածությունը, չարաշահումը կամ բռնությունը, այնքան ավելի արտահայտված է դառնում նրա սեռական երևակայության խեղումը՝ երբեմն ստանալով «այլասերման» ահասարսուռ տեսք։ Այդ խեղված ձևերը, ըստ էության, ներքին վնասվածքի լեզուն են, որով հոգին փորձում է հիշել, բալանսավորել կամ վերահսկել ցավը։
Թերապիայի ընթացքում սեռական երևակայության «այլասերված» դրսևորումները հաճախ բացահայտում են հենց այդ չբուժված մանկական վերքերը։
Այն, ինչն ավաղ թվում է խեղված ցանկություն կամ մղում, կարող է լինել չլսված ցավի, մենակության, վախի կամ անզորության մարմնավորված փորձ։
Մարդու սեռականությունը, որպես անհատի ներքին լաբիրինթոս, արձագանքում է իր անցյալի սարսուռներին՝ սիմվոլիկ, խորհրդանշական ու ձևախեղված տարբերակներով։ Թերապևտիկ գործընթացի ընթացքում մենք չենք դատապարտում այս երևույթները, այլ լսում ենք ուշադիր՝ իբրև տրավմայի լեզու, որպես վերականգնման գաղտնի ուղի։
Այն, ինչ աշխարհը կարող է անվանել սեռական այլասերում, հոգու խեղված աղոթք է հաճախ։
Երբ մանկության մեջ հոգին խոցվում է բռնությամբ, մերժմամբ կամ լռությամբ, այն սկսում է խոսել սեռականության խորհրդանշական լեզվով։
Այդ լեզուն կարող է տարօրինակ, նույնիսկ ցնցող թվալ, բայց իր էությամբ այն ծարավ է՝ սիրո, ճանաչման, վերագտնումի։
Այդ «աղավաղված» սցենարները հոգու հնագույն միջոցներն են՝ վերականգնելու կաթվածահար կապը Սրբության հետ։
Նարինէ ՆԵՐՍԻՍՅԱՆ